«Լռության գույները»


«Լռության գույները» ծրագրի նպատակն է Արաքսի գեղանկարչական աշխատանքներով  և բանաստեղծություններով ձևավորված  երկլեզու (հայերեն և անգլերեն) ալբոմ- գրքի ստեղծում, որն իր մեջ կրում է երկու կարևոր գաղափար. այն  ոչ միայն  վերսկսում  է մի մեծ տաղանդի՝ Արաքս Աբրահամյանի վաղաժամ ընդհատված ստեղծագործական ճանապարհորդությունը հավերժության մեջ, այլև դառնում է ոգեշնչող ուղերձ՝  հայ կնոջ, որպես արվեստի կրողի, իրականության շունչը խորապես զգացող և արարող ուժի մասին։ Այս նախաձեռնությունը հնարավորություն է ստեղծում վերարժևորելու հայ կնոջ դերը մշակույթում՝ ցույց տալով, որ արվեստը կարող է վերապրել ու հաղթահարել ցավը և դառնալ նոր սերունդների համար ինքնաճանաչման, տոկունության և ինքնարտահայտման օրինակ։ 

Արաքս Աշոտի Աբրահամյանը ծնվել է 1959 թվականի նոյեմբերի 7-ին՝ Լոռու մարզի Արևածագ գյուղում։ Նկարչությունը եղել է նրա մանկության երազանքը: Եվ գնալով իր երազանքի ետևից՝ Արաքսը դարձել է պրոֆեսիոնալ նկարչուհի: Նրա բազմաժանր ստեղծագործություններում ապրում են խավարը ճեղքող լույսը, ցավը ճեղքող  հույսը. նրա  լռությունն անգամ գույն ունի՝ ծորացող ու լույս սփռող գույն:  1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո, Արաքսը անմիջապես մեկնել է Գյումրի՝ մասնակցելու փրկարարական աշխատանքներին։ Ավերված մարդկային ճակատագրերը չափազանց ծանր ազդեցություն են թողել Արաքսի վրա, և անքուն գիշերների արդյունքում ծնվել են նրա՝ «Տարեգրություն-88», ապա՝  «Խորան լուսո» շարքերը։ Նրա կտավները դարձել են Հայաստանի համար ծանրագույն ժամանակաշրջանի լուռ վկաները:

Արաքսի վրձնի ու գրչի արարումը, ցավոք, ընդհատվել է վաղաժամ՝ 1993 թվականին։ Սակայն նրա ստեղծագործական ժառանգությունը շարունակում է ապրել՝  մեզ թողնելով գույների լեզվով հյուսված հոգևոր տարեգրություն։

Արաքսի աշխատանքները բազմիցս ներկայացվել են թե՛ անհատական, և թե՛ խմբակային ցուցահանդեսներում՝ ինչպես կենդանության օրոք, այնպես էլ մահից հետո: Նշենք, որ հենց Արաքսի անհատական աշխատանքների ցուցահանդեսն է եղել Անկախ Հայաստանում բացված առաջին ցուցահանդեսը՝ 1991թ. սեպտեմբերի 24-ին՝ Հայաստանի ժուռնալիստների միության ցուցասրահում:  Արաքս Աբրահամյանի աշխատանքները ցուցադրվել են նաև  Հալեպում՝ արժանանալով հայ համայնքի հիացմունքին։ Արաքսի ստեղծագործություններին նվիրված բազմաթիվ հարցազրույցներ և վերլուծական հոդվածներ են տպագրվել թե՛ հայաստանյան, և թե՛ սփյուռահայ  մամուլում:

Արաքսի ապրած կարճ, բայց բովանդակալից տարիներն իրենց վառ հետքն են թողել իրեն ու իր արվեստը ճանաչողների  հոգում:  Նկարչուհին հասցրել է իր ստեղծագործական անհատականությամբ  տպավորել նաև  շատ արվեստագետների և հայ մեծերի:

Ահա նրանց  տպավորություններից մի քանիսը.

«Բոլոր աստղերը մի տեսակ ծաղկում են, Արա՛քս քույրիկ, երբ նկարում ես:
Համբուրում եմ քո աջը, այտը» ․ Տիգրան Մանսուրյան

«Դու նայել ես ազատ տարերքի հայելու մեջ:

Քոնն է ազատությունը»․ Աղասի Այվազյան


Սիրելի՛ Արաքս,

քեզ բարի երթ քո երազների, մտքերի և Հայոց մեր աշխարհի միջով. ոտքդ առաջ գցելու իրավունք դու ունես  վստահ:    Հրանտ Մաթևոսյան 


Տեսա Արաքսի աշխատանքները. Հարուստ աշխարհ, բազում հետաքրքրություններ, ցանկանում եմ  հետագա հաջողություններ, որին չեմ կասկածում:   Գրիգոր Խանջյան      

Գեղակերտ հորինվածքով- շերտ ու նստվածք ունեցող , ու հո~սք- շարժում ունեցող   Արա՛քս, շնորհակալ եմ ծնողներիցդ, որ քեզ աշխարհ են բերել Լոռի աշխարհում, շնորհակալ եմ քեզնից` էս աշխարհին մի ուրիշ` Արաքսյան աշխարհ նվիրելու համար: Քո նկարների տակ մի աշխարհ կա, որ ես տեսնում եմ: Հիշու՞մ ես `

Ահռելի ձոր է, մի կտոր լուսին…

…Էն  տախտի վրա` աղոթում մի վանք…

Նստիր ու նկարիր մեր աշխարհի մարդկանց, մեր  սարերը, մեր ձորերը, մեր օրերը, մեր սերերը: Աշխարհին Լոռի նվիրիր: Դու քո  Լոռին ունես: Զորանա՛ս: Ես հավատում եմ քո խղճին, տաղանդին, քո Աստծուն: Հրաչյա  Մաթևոսյան